Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

Պիելոնեֆրիտը որպես հղիության կրելախախտի պատճառ

Հղիության ընթացքում հաճախակի հանդիպող էքստրագենիտալ պաթոլոգիաներից է պիելոնեֆրիտը, որի հաճախականությունը տատանվում է 6-12% սահմաններում: Տվյալ հետազոտության նպատակն է պարզել պիելոնեֆրիտի ազդեցությունը հղիության ընթացքի վրա և հնարավոր բարդությունների վերհանումը:


Մեր կողմից հետազոտվել է 73 հղի կին: Հղիների տարիքը տատանվել է 17-37 տարեկանի սահման­ներում, իսկ հղիության ժամկետը՝ 10-30 շաբաթականի սահ­մաններում: Հետազոտվող կանանցից 48-ը (65,7%) առաջնածիններ են, 25-ը(34,3%)` կրկնա­ծին­ներ: Հետազոտման պահին 16 կին եղել է հղիության 10-14 շաբաթական, 16 կին՝ 15-19 շաբաթական, 29՝ 20-24 շաբաթական, 15՝ 25-30 շաբաթական ժամ­կետ­ներում:


Կանանցից 20-ի մոտ (27,4%) պիելոնեֆրիտը զու­գակցվել է միզաքարային հիվանդության հետ:


Բոլոր հղիներին կատարվել են ընդհանուր կլինիկո-լաբորատոր հետազոտություններ՝ արյան ընդհանուր քննություն, մեզի ընդհանուր քննություն, մեզի ցանքս, Զիմնիցկու եւ Նիչեպորենկոյի փորձերը, երիկամների ուլտրաձայնային հետազոտություն(ՈՒՁՀ):


Ըստ հետազոտությունների տվյալների` պիելո­նե­ֆրի­տի առաջացման պատճառ 38 հղիի մոտ (52%) հան­դիսացել է esherichia coli-ն, 20-ի մոտ (27,4%), staphylococcus epidermidis-ը, 4-ի մոտ (5,5%), enterobacter-ը, 11-ի մոտ (15%) klebsiella-ն:


Հղիների մեծ մասի մոտ մեզի նստվածքում առկա են եղել մեծ քանակությամբ աղեր: 18 կնոջ մոտ (24,7%) ՈՒՁՀ-ով հայտնաբերվել է ավազ երիկամի ավա­­զանում: Հղիներից և ոչ մեկի մոտ չի հայտնա­բեր­վել երիկամների կոնցենտրացիոն ֆունկցիայի խան­գարում: 3-ի մոտ հայտնաբերվել է մեզի արտա­հոսքի խանգարում,ինչի կապակցությամբ կատարվել է միզածորանների կաթետերիզացիա:


Պիելոնեֆրիտին զուգահեռ 30 կնոջ մոտ (41%) եղել է անեմիա , 3-ի մոտ (0,4%)`պտղի ներարգանդային հիպօքսիա, 38 կնոջ մոտ՝ (52%)` սպառնացող վիժում, իսկ 25-ի մոտ՝ (34,2%) սպառնացող վաղաժամ ծն­նդա­բե­րություն:


Հետազոտության արդյունքում ակնհայտ է դառնում, որ պիելոնեֆրիտը բնութագրվում է մանկա­բար­ձական պաթոլոգիայի հատկապես հղիության կրե­լախախտի հետ զուգակցման բարձր մակարդակով (86%)`հանդիսանալով հղիության վաղաժամ ընդհատ­ման լուրջ պատճառ:


Ելնելով վերոհիշյալից հղիությունից դուրս պիե­լո­նեֆրիտի պրոֆիլակտիկայի նպատակով անհրաժեշտ է կատարել ինֆեկցիայի խրոնիկական օջախների սա­նա­ցիա, իսկ հղիության ընթացքում պիելոնեֆրիտի ժամանակին ախտորոշում և կոմպլեքս բուժում` ուղղված ոչ միայն պիելոնեֆրիտին,այլ նաև հղիության վաղաժամ ընդհատման սպառնալիքին, ինչը կնպաս­տի հղիության երկարաձգմանը և պերինատալ ցուցանիշների լավացմանը:

Հեղինակ. Գ.Ա. Բեգլարյան, Ա.Է. Խոնդկարյան, Ն.Ա. Նահապետյան, Ն.Ա. Վ արդանյան, Ընտանիքի պլանավորման եւ սեռական առողջության կենտրոն, ԵՊԲՀ մանկաբաձության եւ գինեկոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 27
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ